Ձախ Հարութը Ազնավուրի 95-ամյակին նվիրված երգ է ներկայացրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)



23-05-2019 18:53:47   | Հայաստան  |  Հասարակություն
 


ՀՀ վաստակավոր արտիստ, սիրված երգիչ Հարութ Փամբուկչյանը՝ Ձախ Հարութը ներկայացրել է լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրի 95-ամյակին նվիրված երգ:
 
«Իմ աղջկան» վերնագիրը կրող երգն ու դրա հիման վրա նկարահանված տեսահոլովակն արդեն համացանցում է: Նշենք, որ ստեղծագործության բառերի հեղինակը հենց Շառլ Ազնավուրն է, թարգմանությունը կատարել է Ավո Հարությունյանը: 
 
Հավելենք, որ նոր երգը կներկայացվի նաև հունիսի 30-ին, ժամը 19:00 Հրազդան մարզադաշտում կայանալիք
Ձախ Հարութի՝ «30 տարի անց Հրազդան մարզադաշտում» խորագիրը կրող համերգին:
 
Սիրված երգիչ Հարութ Փամբուկչյանը ծնվել է 1950թ. Երևանում: Հայտնի է նաև «Ձախ Հարութ» անունով՝ ձախլիկ լինելու պատճառով: Վաղ տարիքից սովորել է կիթառ, սազ, բուզուկի, դհոլ ու դաշնամուր նվագել: 1968թ. ավարտել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը: 1975 թ. կարճ ժամանակով մեկնել է Լիբանան, այնուհետև` ԱՄՆ, որտեղ երկու ամիս բնակվելուց հետո, թողարկել է առաջին ձայնասկավառակը` «Ուր էիր Աստված»:
 
Սկզբնական շրջանում երգել է Լոս Անջելեսի հայկական ակումբներում: Երգացանկում ներառված են եղել հիմնականում ազգագրական, ժողովրդական, պարային և այլ կատարումներ: 
 
Բազմաթիվ համերգներով հանդես է եկել նաև աշխարհի տարբեր երկրներում` Եվրոպայից մինչ Արևելք, Ավստրալիայից մինչ Ռուսաստան: Նրա երգերը ոգեշնչել են հայ մարտիկներին Արցախի պատերազմի ժամանակ:
 
1996 թ. համագործակցել է երաժիշտ Ռուբեն Հախվերդյանի հետ և համատեղ թողարկել «Երգը նաև աղոթք է» ձայնասկավառակը: Թողարկել է նաև այլ սկավառակներ: 
 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1203 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար