Մենք շահագրգռված ենք էներգիայի այլընտրանքային աղբյուրների տեղայնացմամբ․ Վաչե Տերտերյան

23-05-2019 17:26:24   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր մասնակցել է «Բնական պաշարների կառավարում և էկոհամակարգային ծառայությունների պահպանություն՝ Հարավային Կովկասում կայուն համայնքային զարգացման նպատակով» (ECOserve) ծրագրի շրջանակներում անցկացվող Հայաստանի գյուղական
բնակավայրերում էներգիայի օգտագործման իրավիճակի ուսումնասիրման վերաբերյալ աշխատաժողովին, որին ներկա է գտնվել նաև IBiS և ECOserve հայաստանյան թիմի ղեկավար Թոբիաս Վիթմանը։ Միջոցառումն անցկացվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության
և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ։ 
 
Փոխնախարար Տերտերյանը ողջունել է աշխատաժողովի մասնակիցներին և նշել, որ նմանօրինակ հանդիպումները հնարավորություն են ընձեռնում մասնագիտական քննարկումների միջոցով մոդելավորել և ուղենշել Հայաստանի բնական պաշարների՝ կայուն և կենսաբազմազանության տեսանկյունից բարենպաստ օգտագործման հեռանկարները։ Ըստ նրա՝  տեխնոլոգիական զարգացման հեռանկարներն  այսօր ամբողջապես կախված են էներգիայի խնայողության տարաբնույթ լուծումների մշակումից։ Վաչե Տերտերյանը հավաստիացրել է, որ Հայաստանը շահագրգռված է գործադրել իր գիտատեխնիկական ողջ ներուժն  այլընտրանքային էներգիայի արդի աղբյուրների տեղայնացման ուղղությամբ։ 
 
Թոբիաս Վիթմանը ևս ողջունել է աշխատաժողովի մասնակիցներին և ընդգծել, որ ծրագրում փորձագիտական և մասնագիտական հանրույթի լայն ներգրավվածությունը վկայում է ոլորտում առկա մարտահրավերներին դիմակայելու ու ժամանակակից տեխնոլոգիաների տեղայնացման Հայաստանի պատրաստակամության մասին։  
Աշխատաժողովի նպատակն է ներկայացնել Հայաստանի գյուղական բնակավայրերում էներգիայի օգտագործման իրավիճակի վերաբերյալ ելակետային ուսումնասիրության նախնական արդյունքները, մասնավորապես՝  էներգիայի  ապահովումը, պահանջարկը և էներգաարդյունավետությունը՝ կախված բնական պաշարների կառավարման հետ, ինչպես նաև բացահայտել Հայաստանի գյուղական բնակավայրերում էներգիայի օգտագործման իրավիճակի բարելավման և համապատասխան բնական պաշարների կայուն կառավարման հնարավորությունները։  
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 452 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար