Հայաստանը և Չինաստանը վերացրել են վիզային ռեժիմը (Տեսանյութ)



23-05-2019 19:06:38   | Հայաստան  |  Քաղաքական
Հայաստանն ու Չինաստանը վերացնում են վիզային ռեժիմը: Համապատասխան որոշումը կառավարության հաստատմանն է ներկայացրել ՀՀ արտգործնախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը: 
 


Ըստ Հայաստանի եւ Չինաստանի կառավարությունների միջև կնքված համաձայնագրի՝  այսուհետ երկու երկրների քաղաքացիներն իրենց սովորական անձանագրերով կարող են մինչև 90 օր ժամկետով փոխադարձ այցելություններ կատարել:
 
Այդպիսով՝ կողմերն ակնկալում են երկուստեք առևտրային, գործարար, զբոսաշրջային փոխանակումների ակտիվացում և այս ոլորտներում առկա ներուժի առավել արդյունավետ օգտագործում: 
 
«Մուտքի փոխադարձ ազատականացում նախատեսող համաձայնագրի կնքումը վկայում է երկու երկրների հարաբերությունների բարձր մակարդակի և փոխվստահության մասին: Հայաստանի և Չինաստանի միջև մուտքի ազատականացման ոլորտում արդեն երկու պայմանագրեր գործում են՝ մեկը  Մակաոյի հատուկ վարչական տարածքի հետ և մյուսը՝ այս տարվա փետրվարին մենք ընդունեցինք Հոնկոնգի վարչական շրջանի հետ», - զեկուցեց փոխարտգործնախարարը: 
 
Միաժամանակ միգրացիոն կարգավորումների նպատակով պետությունները պարտավորվել են համապատասխան միջոցներ ձեռնարկել առանց վիզայի ռեժիմը չարաշահող քաղաքացիներին իրենց երկիր վերադարձնելու համար: 
 
«Այս համաձայնագրի ստորագրումն ըստ
էության Չինաստան կատարած իմ վերջին աշխատանքային այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակաում է, և մենք նախատեսում ենք պայմանագիրը ստորագրել Չինաստանի արտաքին գործերի նախարարի Երևան կատարելիք այցի ընթացքում: Հույս ունենք, որ սա իսկապես կակտիվացնի երկկողմ հարաբերությունները», - իր խոսքում ասաց Նիկոլ Փաշինյանը: 
 
Վարչապետի խոսքերով, ինչպես Հայաստանն է հետաքրքրված չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրով, այնպես էլ Չինաստանի ղեկավարությունն է ցականում, որպեսզի Հայաստանը հնարավորինս ինտենսիվ ներգրավվածություն ունենա այդ լայնամասշտաբ ծրագրում: 
 
Գործադիրի ղեկավարը նկատեց՝ այդ մասով ունեն կոնկրետ պայմանավորվածություններ, հետևաբար ժամանակն է մտածել դրանք իրագործելու ուղղությամբ: 
 
«Չինաստանի ղեկավարությունն ամենաբարձր մակարդակով հավաստիացրեց, որ իրենք շահագրգռված են Չինաստանի շուկան Հայաստանում արտադրված ապրանքների համար հասանելի դարձնելու առումով: Բոլոր տիպի հայկական արտադրանքի հետ կապված նրանք շատ հստակ իրենց պատրաստակամությունը և քաղաքական կամքը արտահայտեցին: Ես կարծում եմ, որ հիմա շատ կարևոր է այդ պոտենցիալն արտահանող ընկերությունների հետ լինել մշտական հաղորդակցության մեջ», - ասաց ՀՀ վարչապետը: 
 
Ինչպես փաստեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, Հայ արտադրողների ապրանքների նկատմամբ հետաքրքրությունը գնալով մեծանում է: Նրա տեղեկացմամբ՝  ապրիլի վերջից Պեկինում բացված և մինչև հոկտեմբեր շարունակվող գյուղատնտեսական ապրանքների ցուցահանդեսում ներկայացված հայկական տաղավարի շուրջ հնչած առաջին արձագանքները դրական են:  
 
Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանն էլ զեկուցեց, որ չինական Տեդա խոշոր ընկերությունը
հետաքրքրված է Հայաստանում հայկական հումքի բազայի վրա շինանյութերի արտադրություն կազմակերպելու ծրագրով: 
 
«Խոսքը գնում է բազալտի մանրաթելի մասին, որը շատ լայն օգտագործվում է նոր կոմպոզիտային շինանյութերի, այսինքն՝ պրոֆիլային կոնստրուկցիաների, ամրանների և նույն ճանապարհային ցանցերի, ջերմամեկուսացնող նյութերի արտադրության մեջ: Բավականին լայն սպեկտոր է այդ բազալտի մանրաթելը ներառում, շատ լուրջ շուկա է այսօր, խոսքը գնում է մի քանի հարյուր միլիոն դոլարի ներդրման մասին», - նշեց Վահագն Վերմիշյանը: 
 
Մանրամասները՝ տեսանյութում։
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան տապան»
 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 913 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար