Աշխարհագրության և մաթեմատիկայի դասավանդման նոր մեթոդ. քննարկում ԿԳՆ-ում

22-03-2019 18:33:16   | Հայաստան  |  Հասարակություն
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել հանրակրթական դպրոցներում «Աշխարհատեղեկատվական համակարգեր»  գործիքի ներդրմանը նվիրված աշխատանքային քննարկում, որին մասնակցել են Երևանի և մարզերի մոտ չորս տասնյակ դպրոցների տնօրեններ, աշխարհագրության և մաթեմատիկայի ուսուցիչներ: Քննարկումը վարել են ԿԳ նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանն ու հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության  քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանը: Նոր գործիքի  ներդրման նպատակը, ինչպես իր խոսքում նշել է, նախարարի խորհրդական Գ.  Մամիկոնյանը, տարածական գիտությունների զարգացումը խթանելն է. «Մենք համոզմունք ունենք, որ «Աշխարհագրություն» և «Մաթեմատիկա» առարկաների դասավանդման արդյունավետությունը «Աշխարհատեղեկատվական համակարգեր»  գործիքի կիրառման միջոցով  կարող է բարձրանալ, դասը կդառնա ավելի հետաքրքիր և արդյունավետ: Այս փորձն աշխարհի տարբեր երկրների դպրոցներում կիրառվում է և համարվում է ուսուցման ժամանակակից ինտերակտիվ մեթոդ: Մենք այն  դիտարկում ենք որպես արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլ: Ծրագիրն առայժմ փորձնական է և  մանկավարժները, կամավորության սկզբունքով, կարող են նախարարության աջակցությամբ վերապատրաստվել և սովորել գործիքի օգտագործման հմտություններ` դրանք փորձարկելով դասավանդելիս»,- դիմելով հանդիպման մասնակիցներին` նշել է Գոհար Մամիկոնյանը և  հավելել, որ այդ  նպատակով հրավիրվելու է արտասահմանյան փորձագետ: Նախարարի խորհրդականը նաև շեշտել է, որ նոր գործիքի ներդրումը ծրագրային նյութի ծանրաբեռնվածության ավելացում չի  ենթադրում, այլ ընդամենը  գոյություն ունեցող ծրագրային նյութերի դասավանդման   նոր մեթոդ է:
 

Գործիքի ներդրման նպատակով դեռևս անցյալ տարվա նոյեմբերին տեղի էր ունեցել  «Աշխարհատեղեկատվական համակարգը Հայաստանի դպրոցներում» խորագրով սեմինար, որին ներկա ուսուցիչներից շատերը մասնակցել էին: Նախադպրոցական և միջնակարգ կրթության  քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանը նշել է, որ հանդիպման նպատակը նոր
գործիքի ներդրման հետ կապված մանկավարժների և տնօրենների մտահոգություններն ու առաջարկությունները լսելն է. «Այս գործիքը մեթոդական աջակցություն է մանկավարժների համար: 21-րդ դարում աշակերտի համար դասագիրքն ու տետրը ուսուցման բավարար գործիքներ չեն: Համակարգչային ծրագրերն անխուսափելիորեն  պետք է մտնեն դպրոց և դառնան դասավանդման մեթոդ` սա անխուսափելի է»,- նշել է Ս. Մակյանը:
 
 Ծավալվել է արդյունավետ քննարկում, որի ընթացքում մանկավարժները ներկայացրել են իրենց մոտեցումները դասավանդման ընթացքում համակարգչային փորձարարական մեթոդի կիրառման վերաբերյալ:
 
Նշվել է, որ կամավորության սկզբունքով ձևավորվելու է մասնագետների խումբ, ովքեր փորձարկելու են մշակվող նոր գործիքը: Տվյալ փուլի արդյունավետության գնահատումից հետո «Աշխարհատեղեկատվական համակարգերի» համակարգչային մեթոդի կիրառումը կընդլայնվի:
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 460 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար