Քույրերը վրաերթի են ենթարկվել Թբիլիսյան խճուղում. վարորդը ձերբակալվել է

22-03-2019 12:39:10   | Հայաստան  |  Իրավունք
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում քննություն է տարվում՝ երկու անձի, որոնցից մեկն անչափահաս է, վրաերթի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Վարորդը ձերբակալվել է:
Նախնական տվյալներով՝ 2019թ. փետրվարի 18-ին՝ ժամը 19:10-ի սահմաններում, Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու քույրերի՝ ծնված 2000 և 2002թթ.՝ նրանց առողջությանն անզգուշությամբ պատճառելով ծանր վնաս: 
Պատահարից հետո հիշյալ ավտոմեքենայի վարորդը լքել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը: Նույն օրը՝ ժամը 22:15-ին, վարորդը ներկայացել է Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին: 
Դեպքի առթիվ 2019թ. մարտի 18-ին Ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով և 244-րդ հոդվածով, որը, նախաքննություն կատարելու համար, ուղարկվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ՃՏՀ քննության բաժին և 2019թ. մարտի 20-ին ընդունվել վարույթ:
2019թ. մարտի 21-ին «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով և 244-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու կասկածանքով: 
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական և դատաավտոտեխնիկական փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռևս չեն ստացվել:
Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ ավտոպատահարի պատճառները, հանգամանքները պարզելու ուղղությամբ: 
 


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ
նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի 
տեղեկատվության և հասարակայնության
 հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 391 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար