Տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ

19-11-2018 17:11:43   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

 
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը:
 
Նախքան օրակարգային հարցի քննարկումը՝ Արարատ Միրզոյանն անդրադարձել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման վերաբերյալ ԶԼՄ-ներում և սոցցանցերում շրջանառվող տեղեկատվությանը: 
 
«Առանց լայն հանրային քննարկման, առանց հանրային համաձայնության որևէ հարկային բեռի ավելացում չի լինելու: Պետք է հաշվի առնել, որ զանազան գաղափարներ կարող են քննարկվել, ընդ որում՝ քննարկումները հաճախ կարող են մանիպուլյատիվ տեսք ստանալ, կարող են աղավաղվել և մեկնաբանվել ոչ այնպես, ինչպես կա: Սակայն կարող են մեկնաբանվել այնպես, ինչպես կա և արժանանալ կամ չարժանանալ մարդկանց հավանությանը: Միայն հանրային լայն համաձայնության դեպքում կարող են այդպիսի նախաձեռնությունները կյանքի կոչվել»,- նշել է առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը: Նրա խոսքով՝ «խոպանչիներին հարկելու»  նախաձեռնության դեպքը աղավաղվել ու սխալ է մեկնաբանվել։
 
«Կա միտք ներդնել եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ, որտեղ պետք է բոլոր քաղաքացիները հայտարարագրեն իրենց եկամուտները, ինչպես անում են հանրային ծառայողները, համապատասխան պաշտոններ զբաղեցնող մարդիկ: Եթե նույնիսկ այս գաղափարը կյանքի կոչվի, պետք է բացառվի որևէ եկամտի կրկնակի հարկումը»,-ասել է Արարատ Միրզոյանը՝ մեկ անգամ ևս ընդգծելով, որ այն գաղափար է և պետք է քննարկվի:
 
Կառավարության այսօրվա արտահերթ նիստում հավանություն է տրվել ՀՀ կառավարության 2018 թ. հոկտեմբերի 2-ին ՀՀ Ազգային ժողով ներկայացրած ՀՀ  2019 թ. պետբյուջեի նախագծի ցուցանիշներում կատարվելիք փոփոխություններին, ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում և լիագումար նիստում պետբյուջեի նախագծի քննարկման արդյունքներով ՀՀ ԱԺ պատգամավորների ՀՀ կառավարություն ներկայացրած առաջարկությունների և եզրակացությունների ամփոփաթերթիկին:  Հավանության արժանացած փոփոխություններին համապատասխան լրամշակված տարբերակը և ամփոփաթերթիկը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմ:
 
ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ ԱԺ պատգամավորները ներկայացրել են 146 առաջարկ: Ըստ նախարարի պաշտոնակատարի՝ տեղի են ունեցել նաև բյուջեի թվային փոփոխություններ, որոնք չեն ազդել դեֆիցիտի վրա: Լրամշակված նախագծով որոշակի փոփոխություններ են արվել, մասնավորապես, ծախսերի կառուցվածքում:   
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 434 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար