Նախագահ Արմեն Սարգսյանը ԱԺ Կանոնակարգ օրենքի սահմանադրականության հարցով կդիմի ՍԴ

23-10-2018 18:47:47   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմը հայտարարություն է տարածել ԱԺ ՝ 2018թ. հոկտեմբերի 2-ի արտահերթ նիստում ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի վերաբերյալ:
 


ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապերի վարչության հայտարարության մեջ մասնավորապես, ասվում է.  «Հանրապետության նախագահի պաշտոնն ստանձնելու առաջին իսկ օրվանից նախագահ Արմեն Սարգսյանն իր պարտականությունների կատարման ընթացքում ներմուծեց նոր մշակույթ՝ յուրաքանչյուր գործողություն պետք է միտված լինի հստակ նպատակի իրականացմանը և հիմնված լինի իրավունքի գերակայության սկզբունքի վրա: Այս մոտեցումն ընկած էր նաև Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրելու առաջին փորձի հիմքում, երբ հաշվի առնելով տարբեր քննարկումների ընթացքում հնչեցված դիտարկումները և առաջարկները, նախագահ Սարգսյանը նախաձեռնեց թեկնածու առաջադրելու նպատակով խորհրդատվական գործընթաց: Նույն մոտեցումն է գործում նաև յուրաքանչյուր օրենք ստորագրելիս: Լինի դա նոր ընդունված օրենք, թե գործող օրենքում փոփոխություն, այն ստորագրելու համար նախագահը և իր աշխատակազմը համակարգային վերլուծում են՝ թե արդյոք առկա են առերևույթ սահմանադրաիրավական խնդիրներ, որքանով է նոր օրենքը կամ օրենսդրական փոփոխությունը նպաստում կոնկրետ խնդրի լուծմանը, գնահատվել են արդյոք ազդեցության հավանական զարգացումները: Բոլոր օրենքները պետք է համապատասխանեն Սահմանդրությանը և ծառայեն իրենց նպատակներին՝ միտված լինելով կոնկրետ խնդիրների կանոնակարգմանը:
 
Ազգային ժողովի՝ 2018 թվականի հոկտեմբերի 2-ի արտահերթ նիստում ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքը տարաբնույթ մեկնաբանությունների և քննարկումների տեղիք տվեց:
 
Օրենքի վերաբերյալ փաստացի արձանագրվեց հանրության մի ստվար զանգվածի անհամաձայնությունը: Հավատարիմ իր մոտեցմանը՝ նախագահ Սարգսյանը հանձնարարեց իր աշխատակազմին ավելի խորն ուսումնասիրել տվյալ հարցի վերաբերյալ միջազգային փորձը, ինչպես նաև ներկայացված Օրենքի փոփոխությունները՝ իրենց հիմնավորմամբ:
 
Օրենքի փոփոխությունների, ինչպես նաև «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի գործող խմբագրության վերաբերյալ իրականացված ուսումնասիրությունները վկայում են որոշակի առերևույթ սահմանադրա­իրավական խնդիրների մասին:
 
Հաշվի առնելով վերոգրյալը և նպատակ ունենալով ապահովել Սահմանադրության գերակայությունը՝ նախագահ Սարգսյանը որոշել է դիմել Սահմանադրական դատարան՝ ներկայացված օրենքը Սահմանադրության պահանջներին համապատասխանության հարցը որոշելու համար»:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 512 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար