Սպորտի նախարարությունը ցուցաբերում է անհրաժեշտ աջակցություն ապրիլին Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությունը բարձր մակարդակով անցկացնելու համար

20-03-2018 17:28:55   | Հայաստան  |  Սպորտ
«Նոյյան Տապան»-ի հարցերին է պատասխանում ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը
 


Պարոն նախարար, ինչպիսի՞ն է հայկական սպորտի զարգացմանն ուղղված Ձեր նախանշած ռազմավարությունը այս տարվա համար․ ո՞ր ուղղություններում հեռանկարներ կան։ Ո՞ր ուղղությունների վրա եք ուղղել Ձեր ուշադրությունը։ 
 
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը գործառույթներ է իրականացնում ոչ միայն սպորտի, այլ նաև երիտասարդական քաղաքականության ոլորտներում, ինչը նշանակում է, որ մենք աշխատում ենք ռազմավարական երկու ուղղություններով: Սա՝ ի գիտություն: Ինչ վերաբերում է սպորտի զարգացման ռազմավարական ուղղություններին, ասեմ, որ Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականացվող ծրագրերի մասին ամփոփ տեղեկատվություն կարող եք գտնել մեր նախարարության պաշտոնական կայքում: Սակայն, տեղեկացնեմ, որ սպորտի բարձրագույն նվաճումների ոլորտում իրականացվող աշխատանքներին զուգահեռ մեր կողմից առանձնահատուկ ուշադրություն է դարձվում ֆիզկուլտուրայի, մասսայական սպորտի և առողջ ապրելակերպի քարոզչությանը:
 
Ո՞ր սպորտաձևերն են Հայաստանում կրկին վերելք ապրում, որոնցո՞ւմ ենք մենք հետ մնում։ Ի՞նչ է արվում այդ ուղղությամբ։ 
 
Ուրախությամբ պետք է նշեմ, որ ի թիվս հենակետային մարզաձևերի՝ ըմբշամարտի, ծանրամարտի, բռնցքամարտի, շախմատի, մարմնամարզության և այլն, սկսել են լավ արդյունքներ գրանցել նաև մեր հրաձիգները, թեթև աթլետները, ջրային մարզաձևերի ներկայացուցիչները: Խաղային մարզաձևերից կառանձնացնեմ բասկետբոլը, որի մասսայականությունն օրեցօր ավելանում է, և այդ փաստն ինձ՝ որպես Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի, շատ է ուրախացնում:   
 
Խոսենք այս տարվա ծրագրերի մասին։ Գրեթե ամեն օր նոր միջոցառումներ եւ մրցաշարեր են․  իսկ ի՞նչ մեծ եւ հետաքրքիր միջոցառումներ կան այս տարվա ցանկում։
 
Ինչպես վերևում նշեցի, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը մեծ ուշադրություն է դարձնում մասսայական սպորտին: Ձեր կողմից նշված մարզական միջոցառումից բացի, այս տարի կանցկացվեն 2017 թվականին մեկնարկած ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն նախադպրոցական հաստատություն», «Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն» «Լավագույն նախադպրոցական հաստատություն» մրցույթները, տարեցների hանրապետական խաղերը, ՀՀ գյուղական մարզական խաղերը, Հանրապետական ուսանողական մարզական խաղերը և այլն: Ավելացնեմ, որ կազմակերպվելու են նաև արդեն 15-րդ տարին անընդմեջ անցկացվող ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք», ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական քաղաք», «Լավագույն մարզական գյուղ» և «Լավագույն մարզական բակ»  ամենամյա ստուգատեսները և այլն: Ինչպես տեսնում եք մարզական միջոցառումները բազմազան են և ընդգրկում են բոլոր տարիքային և սոցիալական խմբերի ներկայացուցիչների:                                                       
 
Ինչպե՞ս կգնահատեք սպորտային ֆեդերացիաների աշխատանքը եւ բավարար եք համարում արդյո՞ք նրանց հետ նախարարության աշխատանքը։ 
 
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը սերտորեն համագործակցում է մարզաձևերի ազգային ֆեդերացիաների հետ, որոնցից 34-ը ստանում են պետական աջակցություն: Յուրաքանչյուր տարվա վերջում բոլոր ֆեդերացիաները հանդես են գալիս կատարված աշխատանքների և հաջորդ տարվա համար նախատեսված ծրագրերի հաշվետվությամբ: Մարզաձևերի ազգային ֆեդերացիաները ինքնուրույն գործող հասարակական կազմակերպություններ են, իսկ մեր նախարարությունը նրանց ցուցաբերում է մեթոդական և կազմակերպչական աջակցություն: Սակայն, ֆեդերացիաների կողմից ներկայացված հաշվետվությունների լսումները հնարավորություն են տալիս վերահսկել պետական բյուջեից նրանց հատկացված միջոցները:   
 
Մենք գիտենք, որ ապրիլին  Երևանում տեղի է ունենալու Կիոկուշին կարատեի Եվոպայի առաջնությունը, որին մասնակցելու են շուրջ 700 մարզիկ՝ աշխարհի 30 պետություններից:  Սա իսկապես մեծ միջոցառում է Հայաստանի սպորտային կյանքում։ Ի՞նչ մասնակցություն է ունենալու նախարարությունը Եվրոպայի այս առաջնության անցկացման հարցում։ Արդյո՞ք  ֆեդերացիայի կողքին է։
 
Արդեն խոսել եմ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և մարզաձևերի, այդ թվում նաև կիոկուշին կարատերի ֆեդերացիայի հետ համագործակցության սկզբունքների մասին: Ինչ վերաբերում է Ձեր նշած առաջնությանը, ապա մեր նախարարությունը Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիային ցուցաբերում է անհրաժեշտ աջակցությունը նշված առաջնությունը  բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար: Այո, մենք հյուընկալելու ենք շուրջ 700 մարզիկների, և արվելու է ամեն ինչ՝ նրանց համար մրցակցային հավասար պայմաններ ստեղծելու, մրցումներն անաչառ անցկացնելու համար: Հուսով եմ, կիոկուշին կարատեով զբաղվող հայ մարզիկները պատվով կպաշտպանեն մեր երկրի պատիվը և հենց Երևանում կհռչակվեն Եվրոպայի չեմպիոն:
 
Մշակույթի ոլորտում մենք ունենք մեր ամենամյա տոնը՝ Ոսկե Ծիրանը, որն ունի Մշակույթի նախարարության օժանդակությունը։ Տեսնո՞ւմ եք արդյոք Հայաստանի սպորտային կյանքում մի որեւէ նման մեծության եւ հնչեղության մրցաշար, որը սպորտի նախարարությունը վերցնի իր հովանու տակ։ 
 
Երևանում պարբերաբար անցկացվում են արդեն ավանդական դարձած միջազգային մրցաշարեր՝ շախմատից, ըմբշամարտից և այլ մարզաձևերից: Դրանք բոլորն էլ շատ հեղինակավոր են և դրանց մասնակցում են արտերկրից ժամանած մեծ թվով մարզիկներ: 
Ավելացնեմ, որ այս տարի Երևանում հյուրընկալելու ենք սուսերամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության մասնակիցներին, աշնանը Երևանում կանցկացվի ուշույի Եվրոպայի գավաթի խաղարկությունը, կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնության մասին էլ Դուք նշեցիք:
 
Ի՞նչ կասեք սպորտային նոր սերնդի  մասին։ Այս հարցում ինչպիսին է իրավիճակը, սպասելիքները։ Ի՞նչ դժվարություններ կան նոր կադրեր պատրաստելու հարցում։
 
Սպորտային նոր սերնդի պատրաստումը մեր ամենօրյա աշխատանքն է: Յուրաքանչյուր ժամանակաշրջան, նոր մարզական սերունդ կրթելու և պատրաստելու առումով, ունի իր առանձնահատկությունները: Նոր մարզական սերունդ պատրաստելու լավագույն օրինակը 2016 թվականի Ռիոյի օլիմպիական խաղերն էին, երբ 20 տարվա ընդմիջումից հետո Հայաստանի Հանրապետությունն ունեցավ օլիմպիական չեմպիոն՝ Արթուր Ալեքսանյան: Հենց Արթուր Ալեքսանյանը, մեր լավագույն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը և մյուսներն են ոգեշնչում և օրինակ ծառայում մատաղ սերնդին սպորտով զբաղվելու համար: 
 
Ինչպիսի՞ն է իրավիճակը մարզերում։ Ի՞նչ է արվում այդ ուղղությամբ։
 
Մեր բոլոր մարզական մասսայական միջոցառումներն ընդգրկում են Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերը և Արցախը: Ինչ վերաբերում է սպորտի բաձրագույն նվաճումնեին, բազմիցս եմ ասել, որ մեր մարզական մայրաքաղաքը Գյումրին է: Հենց այս քաղաքն են ներկայացնում բազմաթիվ փառապանծ մարզիկներ: Իսկ օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը Արմավիրի մարզից է, օլիմպիական մրցանակակիր Հռիփսիմե Խուրշուդյանը՝ Քասախ գյուղից: Կարծում եմ այս փաստերն են Ձեր հարցի պատասխանը: 
 
Իսկ Ձեր կողքին ինչ կառույցներ կան։ Կա՞ արդյոք արդյունավետ համագործակցություն այլ նախարարությունների, պետական կամ ոչ պետական կառույցների հետ, չէ՞ որ յուրաքանչյուր առաջնություն անցկացնելը  պահանջում է ֆինանսական միջոցներ, անվտանգության ապահովում եւ այլն։ Ինչպիսի՞ն են Սփյուռքի հետ ձեր կապերը․ կա՞ արդյոք համագործակցություն այս ուղղությամբ։
 
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը այլ գերատեսչությունների հետ համագործակցում է ոչ միայն կոնկրետ մարզական միջոցառումների կազմակերպման ժամանակ: Այսօր ստեղծվել և գործում են մի քանի միջգերատեսչական հանձնաժողովներ, որոնք մշակում են օրենսդրական ակտեր, հայեցակարգեր, մասնավորապես՝ հանրակրթական դպրոցներում ֆիզկուլտուրա առարկայի դասավանդման արդյունավետության բարձրացման, սպորտային զբոսաշրջության զարգացման և այլ ուղղություններով:
 
Որո՞նք են նախարարության հիմնական դժվարությունները։ Ինչպես է պետք դրանք հաղթահարել։ 
 
Հիմնական դժվարությունը կապված է մեր ազգաբնակչության գիտակցության մեջ ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և առողջ ապրելակերպի նկատմամաբ հետաքրքրության բարձրացման հետ: Պետք է ասել, որ շատացել են մարզասրահները, սպորտով զբաղվողների թիվը, սակայն, մեր նախարարությունն աշխատում է այս գործընթացն ավելի ակտիվ դարձնելու ուղղությամբ:
 
Ի՞նչը կարող է էապես մեծ դեր խաղալ հայկական սպորտի զարգացման հարցում։ Ի՞նչն է պակասում այս հարցում։  
 
Մեր երկիրը գտնվում է կիսապատերազմական վիճակում: Հասկանալի է, որ որոշ ոլորտների, այդ թվում նաև սպորտին, հատկացվող ֆինանսական աջակցությունը զիջում է պաշտպանական և տնտեսական ոլորտներին: Այս բացը լրացվում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հոգացության շնորհիվ, ով մշտապես գտնվում է հայկական սպորտի կողքին և իր անձնական միջոցներով աջակցում ոլորտին: Մեզանից պահանջվում է ուղղակի մշակել իրատեսական ծրագրեր և քայլ առ քայլ իրականացնել դրանք: 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Սպորտ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից