Նոյեմբերի 21-ին ՀՀ նախագահը միանում է ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ երեխաների ձայնը լսելի դարձնելու համար

21-11-2018 12:30   | Հայաստան  |  Իրադարձություն
 
 
 
Նոյեմբերի 20-ին աշխարհում նշվում է Երեխաների համաշխարհային օրը, որը նաև Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի ընդունման և երեխաների առաջին համաշխարհային օրն է: Այդ կապակցությամբ ՀՀ նախագահ Ն.Գ. Արմեն Սարգսյանը միանում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի համաշխարհային նախաձեռնությանը՝ խոսափողը գեթ մեկ օրով տրամադրելու երեխաներին:
 
Նոյեմբերի 21-ին ժամը 12:30-ին ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի կունենա հանդիպում, որի ընթացքում երեխաները կհնչեցնեն իրենց հուզող խնդիրներն և կքննարկեն դրանց լուծումները ՀՀ նախագահի, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայի, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանի, ինչպես նաև՝ ՀՀ կառավարության, մասնավոր հատվածի և հասարակական կազմակերպությունների այլ ներկայացուցիչների հետ:
 
Գլոբալ նախաձեռնության շրջանակում այս շաբաթ աշխարհի տարբեր անկյուններում երեխաներն իրենց ձեռքն են վերցնելու զանգվածային լրատվամիջոցների, քաղաքականության, բիզնեսի, սպորտի և զվարճանքների ոլորտի ղեկը՝ զորակցելու դպրոց չհաճախող, անպաշտպան և տեղահանված միլիոնավոր իրենց տարեկիցներին:
 
Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի ընդունմամբ աշխարհը երեխաներին խոստացավ, որ իր ուժերի սահմաններում կանի ամենը, որ պաշտպանի և խրախուսի երեխաների՝ կյանքի, զարգանալու, սովորելու, իրենց ամբողջական ներուժին հասնելու և իրենց ձայնը լսելի դարձնելու իրավունքները: «Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան» պատմության մեջ ամենաարագ և լայնորեն վավերացված մարդու իրավունքների մասին փաստաթուղթն է:
 
Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է «Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան» 1992 թվականին, իսկ 2019 թվականին ՄԱԿ-ի՝ Երեխայի իրավունքների կոմիտեին կներկայացնի կոնվենցիայի իրականացման վերաբերյալ իր պարբերական զեկույցը:
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից