Ծնվել է հայազգի ֆիզիկոս Ֆելիքս Ահարոնյանը


23-05-1952   | Հայաստան  |  Ծննդյան տարեդարձեր

 

1952 թ. մայիսի 23-ին ծնվել է  հայազգի ճանաչված ֆիզիկոս, ՀՀ ԳԱԱ արտասահման անդամ  Ֆելիքս Ահարոնյանը:
 
Գիտնականը  ծնվել է 1952թ. Երևանում: Սովորել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում, այնուհետև տեղափոխվել է Մոսկվայի ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտ, որտեղ էլ 1975թ. ստացել է մագիստրոսի աստիճան, իսկ 1979թ.` գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
 
1979-1991թթ. աշխատել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտում որպես կրտսեր, ավագ, այնուհետև` առաջատար գիտաշխատող: 1987թ. արժանացել է գիտությունների դոկտորի գիտական աստիճանի (միջուկային և մասնիկային ֆիզիկայի գծով): 1993-2006թ. եղել է Հայդելբերգի Մաքս Պլանկի միջուկային ֆիզիկայի ինստիտուտի (MPI-K) բարձր էներգիաների աստղաֆիզիկայի տեսության խմբի ղեկավար: 2006թ. մինչ այժմ դասավանդում է Դուբլինի առաջատար հետազոտությունների ինստիտուտում (DIAS) և Աստղամասնիկային ֆիզիկայի և աստղաֆիզիկայի կենտրոնի (CAPPA) տնօրենն է:
 
Ֆելիքս Ահարոնյանը զբաղվում է աստղամասնիկային ֆիզիկայով, տիեզերաբանությամբ, տեսական ֆիզիկայով. նրա գիտական աշխատանքները նվիրված են գամմա ճառագայթների աստղագիտությանը, ռենտգենյան և նեյտրինային աստղագիտությանը, ինչպես նաև տիեզերական ճառագայթներին:
 
2005թ. ստացել է ՀՀ նախագահի մրցանակ, 2006թ. արժանացել է Եվրոպական միության Դեկարտի անվան մրցանակի, իսկ 2010-ին` Ամերիկյան աստղագիտական ընկերության Ռոսսիի անվան մրցանակին:
 
Ֆելիքս Ահարոնյանը բազմաթիվ միջազգային գիտական հանձնաժողովների և միությունների անդամ է, ունեցել է բազմաթիվ հրավիրված դասախոսություններ աշխարհի ամենահեղինակավոր համալսարաններում, կազմակերպել է մի քանի միջազգային գիտաժողովներ և հանրային դասախոսություններ: Ունի մոտ 350 գիտական հոդվածներ միջազգային գրախոսվող ամսագրերում, ինչպես նաև 3 աստղագիտական գրքերի հեղինակ է:
 
2006-ին ընտրվել է MPI-K ինստիտուտի արտասահմանյան պատվավոր անդամ, 2008-ին՝ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, իսկ 2012-ին՝ Իռլանդիայի թագավորական ակադեմիայի անդամ:
 

 



Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից