1924 թ. ծնվել է բանաստեղծ Պարույր Սևակը


26-01-1924   | Հայաստան  |  Ծննդյան տարեդարձեր

1924թ. հունվարի 26-ին ծնվել է բանաստեղծ, մշակութային գործիչ և գրականագետ Պարույր Սևակը (Ղազարյան):

Պարույր Սևակը ծնվել է Չանախչի (այժմ Սովետաշեն) գյուղում: Միջնակարգ կրթություն ստանալով տեղում, նա 1940 թվականին ընդունվում է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, որն ավարտում է 1945թ.-ին: Նույն թվականին ընդունվում է Հայաստանի գիտությունների ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրան` հայոց հին գրականության մասնագիտությամբ: 

Համալսարանական և ասպիրանտական ուսուցման տարիները վճռական նշանակություն են ունենում Պարույր Սևակի հայացքների և իմացությունների ձևավորման գործում: Նա կարդում է համաշխարհային գրականության դասականներին, առավելապես նախասիրում Պուշկինի, Լերմոնտովի, Ուիտմենի, Հայնեի, Բլոկի, Մայակովսկու, Լորկայի, Էլյուարի բանաստեղծական արվեստը, տառացինորեն կլանում հայ քնարերգությունը` Նարեկացուց մինչև Դուրյան և Թումանյան, Սիամանթո և Վարուժան, Տերյան ու Չարենց: Ապա ուսումնասիրում է փիլիսոփայություն և պատմագիտություն, մասնագիտանում հայագիտության մեջ, ունկնդրում գիտական մտքի հայտնություններին: 
Այս տարիներից էլ Սևակի ստեղծագործական հակումները դրվում են երկու սկզբի վրա` բանաստեղծ և գիտնական, հաճախ հոգեբանորեն հակասական ու իրարամերժ, բայց էապես ուժեղ ու պարտադրող: 
1951 թվականին Պարույր Սևակը մեկնում է Մոսկվա, սովորելու Մ. Գորկու անվան գրկանության ինստիտուտում: Ավարտելով այն, նա 1957-1959 թվականներին աշխատում է նույն ինստիտուտում որպես գեղարվեստական թարգմանության ամբիոնի դասախոս: Այդ տարիներին հարստանում են բանաստեղծի աշխարհըմբռնումները, ընդլայնվում նրա տեսահորիզոնն ու կյանքի ճանաչողությունը: Արդեն լուրջ վաստակի տեր և լայն ճանաչում ստացած, Սևակը 1960 թվականին վերադառնում է Երևան: Սկսվում է գրական, գիտական ու հասարակական գործունեության արգասավոր ու բովանդակալից մի շրջան: Աշխատում է Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, որպես գիտաշխատող, վարում է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղարի պաշտոնը (1966-1971թթ), 1967 թվականին պաշտպանում է դիսերտացիա և ստանում բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: 
Սովետական գրականությանը մատուցած ծառայությունների համար Պարույր Սևակը 1967 թվականին պարգևատրվում է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով: 1968 թվականին նա ընտրվում է ՍՍՀՄ գերագույն սովետի դեպուտատ: Ու մինչդեռ նա իր ստեղծագործական հնարավորությունների փայլուն վերելքն էր ապրում, նրա իմաստացած միտքը ակնկալում էր նոր թռիչքներ, մտահաղացումներ ու ծրագրեր, տեղի է ունենում ծանր ողբերգությունը` 1971 թվականին հունիսի 17-ին Պ. Սևակը զոհ է գնում ավտովթարին: Նույն աղետից զոհվում է նաև նրա կինը` բանասեր ու թարգմանիչ և այնքան համակրելի Նելլի Մենաղարաշվիլին: 


Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից