1923 թ. ծնվել է հայ դերասան և ռեժիսոր Կարպ Խաչվանքյանը


23-01-1923   | Վրաստան  |  Ծննդյան տարեդարձեր

1923 թ. հունվարի 23-ին Ախալցխայում ծնվել է հայ դերասան և ռեժիսոր Կարպ Խաչվանքյանը: Վրաստանի ‹‹Վրացֆիլմ›› կինոդերասանի դպրոցն ավարտելուց հետո, 1944թ Կարպ Խաչվանքյանը հրավիրվեց Երևանի երաժշտական կոմեդիայի նորաստեղծ թատրոն և 54 տարի եղավ նրա առաջատար դերասանը, սիրվեց ժողովրդի կողմից, աշխատեց անմնացորդ, դարձավ իր թատրոնի խորհրդանիշը, իր մարմնավորած անզուգական կերպարներով և իր բեմադրած բարձարվեստ բեմադրություններով հարստացրեց թատրոնի պատմությունը: Իր ստեղծագործական կյանքում նա մարմնավորել է ավելի քան հարյուր կերպար: Առաջին դերը Բոնին էր` Կալմանի ‹‹Սիլվա›› օպերետում (1944թ. նոյեմբերի 4), որը միանգամից հռչակեց նրան և իր վրա հրավիրեց ժամանակի ամենախստապահանջ մասնագետների ուշադրությունը: Տաղանդավոր դերասանի մասին բարձր կարծիքներ են հայտնել Ավետիք Իսահակյանը, Վահրամ Փափազյանը, Հայկանուշ Դանիելյանը, Արամ Տեր-Հովհաննիսյանը, Վարդան Աճեմյանը, Պարույր Սևակը, Գոհար Գասպարյանը, Համո Բեկնազարյանը, Առնո Բաբաջանյանը և ուրիշներ:

Կարպը խաղացել է դասական գրեթե բոլոր օպերետներում, սակայն առանձնակի վերաբերմունք ուներ հայկական օպերետների և երաժշտական կոմեդիաների հանդեպ:
 
Խաղացած 100-ից ավելի դերերից առանձնացնել է պետք հետևյալները` Բոնի (‹‹Սիլվա››), Ալդեմարո (‹‹Պարերի ուսուցիչը››), Տոնի (‹‹Կրկեսի իշխանուհին››), Պենիժեկ (‹‹Մարիցա››), Ստեֆան (‹‹Գնչուների բարոն››), Նապոլեոն (‹‹Բայադերա››), Հիգինս (‹‹Իմ չքնաղ լեդի››), Ֆիլիպ (‹‹Ազատաշունչ հողմը››), Իվան (‹‹Ծաղրածուի որդին››), Սուսիկ (‹‹Տրեմբիտա››), Սուրեն (‹‹Մեծ հարսանիք››), Գուրգեն (‹‹Աղբյուրի մոտ››), Ղարա (‹‹Կապկալ թամաշ››), Սոկրատ (‹‹Սեր աստղերի տակ››), սակայն Խաչվանքյանը կերտեց կերպարներ, որոնք ձեռք բերեցին միջազգային ճանաչում` դա նախ և առաջ Տոնինոն և Ձանիետոն է (‹‹Վենետիկյան երկվորյակներ››), ապա Սոկրատը (‹‹Սեր աստղերի տակ››), Սկապենը (‹‹Սկապենի արարքները››), Թոդորոսը (‹‹Պահանջվում է ստախոս››), Դոն Կիխոտը (‹‹Լամանչեցի մարդը››), Կնյազը (‹‹Տաքսի, տաքսի››):
 
Կարպը փայլուն երգում էր, պարում, նվագում էր տարբեր գործիքների վրա, նույն թատրոնում ստեղծել է 13 բեմադրություն, նկարահանվել է ‹‹Հայֆիլմ›› կինոստուդիայի նկարահանած 4 կինոնկարներում, տասնյակ դերեր է ստեղծել հեռուստատեսային ներկայացուներում, մասնակցել ռադիոբեմադրությունների:
 
Վստահաբար ասենք, որ երաժշտական կոմեդիայի թատրոնում ոչ ոք չունեցավ այնպիսի առասպելական հաջողություն, ինչպիսին Կարպ Խաչվանքյանը:
 
Այսօր էլ շատերը երաժշտական կոմեդիայի թատրոնն անվանում են ‹‹Կարպի թատրոն››:

Մահացել է Երևանում 1998 թ.: 



Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից